Դուք չե՞ք անցել այս նրբանցքով, հարգելի քաղաքապետ: Իզուր: Առաջարկում եմ հենց այսօր ավագանու ուղեկցությամբ հասնել Հայաստանի գրողների միություն, մի քանի գիրք գնել գրողաց գրախանութից, այնուհետև գրողական սրճարանում սուրճ խմել, պաղպաղակ վայելել և կազդուրված ու շատ առույգ մուտք գործել Մարշալ Բաղրամյան պողոտայից դեպի ձախ խուժող (հենց այդպես՝ խուժող) N1 փակուղի, որը մայրաքաղաքում հանրածանոթ է որպես «նոտարի փողոց»:
«Խուժենք» սույն կառափնարանով դեպի նոտարական գրասենյակ, կամ մի այլ հանրային հաստատություն: Ավելի ստույգ՝ փորձենք խուժել, ապավինելով հնագույն իմաստությանը, թե «փորձը փորձանք չէ»: Այս պարագայում փորձը անհավանական փորձություն է, որն ուղեկցում է դեպի նահատակություն: Այստեղ մայթը պահպանված է միայն մի 30 մետրի չափով: Հետո այն անհետանում է, և հետիոտնը հայտնվում է փակուղում, և սա այն դեպքում, երբ առջևում ազատ-ասֆալտապատ փողոցն ուղղորդում է դեպի նպատակակետ, դեպի... Գողգոթա, քանզի եթե դիմացից մեքենա է ընդառաջ գալիս, ապա կամ պիտի հարակից տան տանիքը մագլցես, կամ պետք է անփառունակ նահանջես մինչև Բաղրամյան պողոտա, քիչ շունչ առնես գրողների միության գողտրիկ պուրակում և պատրաստվես հաջորդ գրոհին: Սա այն պարագայում, երբ դու հետիոտն ես, իսկ եթե շարժակազմով ես փորձում հասնել երազանքիդ օրվա հանգրվանը՝ նոտարիատ կամ թարգմանչական-իրավաբանական որևէ գրասենյակ, ապա հայտնվում ես ծուղակում: Իսկ ծուղակից անփորձանք դուրս գալը արդեն բախտի բան է, բանեց՝ ողջ-առողջ կշարունակես ճանապարհդ, չբանեց՝ ուրեմն ուղիդ այլ է՝ դեպի բուժական որևէ հաստատություն:
Այս նրբանցքում, անթիվ գրասենյակներից զատ, նաև մարդիկ են բնակվում:
Դե պատկերացրեք, որ մանկասայլակն առաջն արած երիտասարդ մայրը կամ ալեզարդ տատիկը փորձում են հաղթահարել այս չարչարանաց ուղին: Մայթազուրկ, նեղ, զանազան գրասենյակների և առանձնատների բռնազավթած այս ճանապարհը վթարների և այլ անբախտությունների բնօրրան է: Եվ, անկասկած, հարկ է այն ցանկացած եղանակով կարգի բերել:
Մի խոսքով, ժամանեք և համարժեք միջոցներ ձեռնարկեք, արգո քաղաքապետ և պատվարժան ավագանի: Եվ Ձեր սխրանքը կամրագրվի մայրաքաղաքի ապաբռնազավթման տարեգրքում: Սպասում ենք:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ